Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Կարապետյան. «Մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու»

Կարեն Կարապետյան. «Մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու»
11.11.2016 | 23:49

Վարչապետ Կարեն Կարապետյանի և գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է և չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում»՝ ասել է Կարեն Կարապետյանը:


Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են գյուղատնտեսության ոլորտում արտադրող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների գործունեությանն առնչվող խնդիրներ, գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը և իրացմանը, տրանսպորտային փոխադրումներին, էներգակիրների մատչելիությանը, հարկային և մաքսային վարչարարությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր: «Գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե մենք ինչ կարողություններ կունենանք, որովհետև սրանով նաև գազի մատակարարին ենք դրել պրոբլեմների մեջ: Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, մենք պետք է հասկանանք՝ ինչով օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի: Մի՞շտ ենք օգնելու, որ ինքը մրցունակ լինի՝ ոչ, որովհետև դաշտը փակում ենք մրցակցությունից, արտադրողը դրանով հանգստանալու է ու որևիցե բան չի անելու: Հիմա մենք մրցակցությունից պահելո՞ւ ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք՝ ոչ, բայց մենք թուղթ ու գրիչով նստելու ենք, խոսենք, ասենք՝ ինչն է խանգարում, որ դու մրցունակ լինես»,- ասաց վարչապետը:


Խոսելով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը հարկային հավասար դաշտի ապահովման ուղղությամբ և խրախուսելու է օրինապահ հարկատուներին: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ վարչապետը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «ՈՒղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- ասել է վարչապետը: Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ֆերմերների մասնագիտական պատրաստվածության խնդրին՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերի վերանայումը և ֆերմերական նոր մշակույթի ձևավորումը:


Վարչապետը հետաքրքրվել է՝ կա՞ վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերով քանի ֆերմեր է ուսուցանվել և որակապես գրագետ բիզնես վարել։ «Մենք մինչև որակը չփոխենք, չգիտեմ՝ ուր ենք գնալու: Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է: Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես՝ ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում ու ձևակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»,- ասել է վարչապետը:


Անդրադառնալով ոլորտի սուբսիդավորման նպատակահարմարության հարցին՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է. «Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի: Մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը, որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»:


Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդիաները պետք է ուղղվեն այն ծրագրերին, որոնք կնպաստեն ոլորտում արտադրողականության աճին:
Ամփոփելով խորհրդակցությունը, վարչապետը նշել է, որ ակնկալում է խորհրդակցության մասնակիցներից առաջարկությունների փաթեթ՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, տրանսպորտային փոխադրումների և հաղորդակցության այլընտրանքային ուղիների, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխման և սուբսիդավորման հասցեականության ճշգրտման վերաբերյալ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ բիզնես ծրագրեր՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի առարկայական հաշվարկներով և յուրաքանչյուր կողմի հստակ անելիքների ձևակերպմամբ:
«Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա: Դուք ինձնից չինովնիկ եք: Որպեսզի մեր հանդիպումն առարկայական լինի, աշխատանքային խումբ ստեղծեք, որը գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ կազմի գյուղատնտեսության ոլորտի ստրատեգիան՝ ոնց ենք կրթում, ոնց ենք սուբսիդավորում, ոնց ենք արտոնություն տալիս, ոնց ենք խոշորացնում, արտահանում»,- եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ